Posted in Մանկավարժական ակումբ

Միխայիլ Պոստնիկովի  «Ապագայի դպրոցը» հոդվածի վերլուծություն

Մենք անընդհատ բողոքում ենք: Դպրոցը մեզ չի տալիս բավարար գիտելիքներ, չի պատրաստում կյանքին, ուսուցիչը լավը չի, թերանում է իր գործում, և այլն, և այլն: Իսկ ի՞նչ է անում հասարակությունը, ընտանիքը, նույն սովորողը, վերջապես մարդ-անհատը: Աշխարհի բոլոր մեղքերը բարդում է դպրոցների վրա: Ես համամիտ եմ, մեր դպրոցները իդեալական վիճակում չեն գտնվում և դպրոցների պատերի ներսում «ուսուցիչ» ձևացող շատ անհատներ որակազրկում են ուսուցչի իրական կերպարը, բայց…

Ուզում եմ, ամեն ինչ սկսել այդ բայցից: Ինչպե՞ս են երեխային դաստիարակում տանը.

-Չսովորես, «զիբիլ» հավաքող ես դառնալու…

-Կգնաս «խալխի» ոտքերի տակը կմաքրես…

-Մի՛ սովորիր, մի քանի ոչխար կառնեմ, կգնաս սարերում կարածացնես…

Չենք մտածում, որ այդ նույն աղբահավաքը եթե չլինի, ամբողջ երկիրը աղբի մեջ կկորչի, այդ նույն հովիվը եթե չլինի տնտեսական կորուստներ կունենանք: Եվ ի վերջո,  ինչ-որ մեկը պետք է լինի, որ կընտրի տվյալ մասնագիտությունները, և դա ամենևին էլ լավ ու վատ սովորելու հետ կապ չունի:

Նմանատիպ արտահատություններ կլսեք, ինչքան ուզեք:

Նույն հասարակությունը, որ քննադատում է դպրոցների այս կամ այն մեթոդը, ի՞նչ ռեակցիա է տալիս, երբ լսում է, որ իրենց գյուղի կամ քաղաքի Պողոսի կամ Պետրոսի երեխան  որևէ բարձրագույն ուսումնական հաստատություն չի դիմել: Նույնիսկ չեն մտածում, որ այդ երեխան, հնարավոր է, շատ է սիրում վարսահարդարի, հրուշակագործի կամ ավտոմեխանիկի գործը և ուզում է այդ մասնագիտությունների մեջ հմտանալ: Մենք չենք գիտակցում մեր խոսքերի ազդեցությունը երեխայի վրա:

Հիմա անդրադառնամ հոդվածին:  Միխայիլ Պոստնիկովի այս հոդվածը, կարծում եմ, պետք է կարդան ԿԳՄՍ նախարարության բոլոր աշխատողները, դպրոցի տնօրենները, ուսուցիչները, բոլոր ծնողները` անխտիր: Գուցե հոդվածը խղճի խայթ առաջացնի ոմանց մոտ, և այլևս հետագա սերունդները  սթրեսի չենթարկվեն: Համալսարաններ չդիմեն նրա համար, որ իրենց հարևանը կարողանում է իր երեխային սովորեցնել, ինքը չի կարող: Պետք է վերանան այս կարծրատիպերը: Երեխան  պետք է հստակ տարբերակի առաջնայինը երկրորդայինից, բայց նա միայնակ չի կարող դրան հասնել, նրան մեր` բոլորիս օգնությունն է անհրաժեշտ: Երեխային դպրոց ճանապարհելիս նրանից չպետք է պահանջել անպայման գերազանց գնահատականով տուն վերադառնալ, այլ գերազանց գիտելիքներով, ոչ թե մաթեմատիկայի, անգլերենի, կենսաբանության և այլնի տեքստերը անգիր սովորեցնել ու պահանջել, այլ այդ տեքստերի օգտակարությունը երեխայի համար:

Կարդալ գրքերի մեջ գրվածը,  չի նշանակում հասկանալ, կարողանալ գործածել: Շատ ծնողներ, ուսուցիչներ  փորձում են հպարտանալ երեխայի ընթերցած գրքերի քանակով, բայց ոչ մեկի մտքով չի անցնում  հարցնել` այդքանից ինչը դարձավ քոնը, եթե հնարովոր լիներ փոխել գրքի բովանդակությունը, տեքստը, սյուժեն, ինչ կավաելացնեիր, կպակասացնեիր, ու նման հարցեր: Բայց ո՛չ, երեխան անգիրն ասում է, անգամ չգիտի ինչի մասին էր բանաստեղծությունը, պատմվածքը, հեքիաթը, կարևորը այդ անգիրի մեքենան լավ է աշխատում:

Ես ինքս հաճախել եմ հանրակրթական դպրոց, երբեք մտքովս չի անցել կասկածի տակ դնել ուսուցիչներիս գիտելիքներն ու կիրառած մեթոդները, հավասարաչափ լավ եմ սովորել բոլոր առարկաները, բացառությամբ  «Ինֆորմատիկայի», թերևս այնտեղ սովորելու բան էլ չկար` տեսական առումով  գրքում առկա տառեր, գործնականում` մեկ համակարգիչ և համակարգչի վրա «լցված» քսաներկու երեխա, քառասունհինգ րոպե և ուսուցչի վախեցած հայացք` հիմա-հիմա մի բան կվնասեն համակարգչի վրա: Այդ հայցքը այնպես է մեխվել հիշողությանս մեջ, որ մինչ օրս ինձ թվում է` եթե հանկարծ համակարգչին դիպչեմ, այն կվնասվի: Ինչևէ, ճակատագրի հեգնանքը եղավ այն, որ ես ստիպված եղա համալսարանում ավարտական աշխատանքի թեմա ընտրել «Ինֆորմատիկայի դպրոցական դասագրքերի լեզուն»: Համենայն դեպս իմ կատարած աշխատանքը ինձ ոչինչ չտվեց, ոչ թե նրա համար, որ վատ աշխատանք էի գրել, այլ ուղղակի դասագրքերում ասելիք չկար, և ես թղթեր լցրեցի զուտ պարտավորությունից ելնելով, և հա, ինչպես կարող էի մոռանալ, գիտական ղեկավարս իմ աշխատանքի հիման վրա նոր գիրք գրեց: Տեսնում եք` ինչ լավ ստացվեց, ես ունեցա ավարտական աշխատանք, իսկ ղեկավարս` նոր գիրք:

Ինչպես հոդվածի հեղինակն է ասում, մոռանանք  գիմնազիայի փորձը և զուտ տեսականորեն նայենք, թե ինչ է նշանակում կյանքին պատրաստ լինել: Սա նշանակում է, որ պետք է ունենալ գիտելիքներ և հմտություններ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել չորս հավասարազոր խմբի՝ գրագիտություն, էթիկա (բարոյագիտություն), էսթետիկա (գեղագիտություն), առողջություն (ֆիզիկական կուլտուրա):

Լիովին համաձայն եմ հեղինակի` կրթության հմտությունների չորս ուղղությունների բաժանման հետ:

Ստացվում է, որ ես անընդհատ իմ դպրոցի, իմ կրթության մասին եմ խոսում, բայց չեմ կարող իմը  թողնել և խոսել ուրիշի պատմության մասին: Քանի, քանի անգամներ հարևանները վազել են մեր տուն նամակ գրելու, խնդրանք, հորդոր արտահայտելու, դիմում գրելու համար, որովհետև չեն տիրապետել գրագիտության տարրական կանոններին, չեն տարբերել առօրյա խասակցական ոճն ու պաշտոնական լեզուն, չեն կարողացել օգտվել համակարգչից, այնինչ համակարգիչը տարիներ շարունակ դրված է եղել դաշնամուրի գլխին: Նույնիսկ բառերն են խառնել գրագիտությո՞ւն, թե՞ գրագրություն:

Բարոյագիտություն. սա հարցի ավելի ստվերոտ կողմն է, երբ քաղաքացին չգիտի հասարակության մեջ իրեն պահելու, ճիշտ դրսևորելու ձևը: Նույնիսկ իր իրավունքները չգիտի, ու նեղն ընկնելուն պես փնտրում է գրագետ հարևան: Իսկ ով կամ ինչը մեզ կտանի դեպի տեղեկացված, գրագետ քաղաքցի լինելուն, եթե ոչ դպրոցը: Դարձյալ պետք է սկսել գրքերից, բայց այնպիսի գրքերից, որոնք գրվել են  ոչ թե էջեր սևացնելու, այլ հասարակությանը օգուտ տալու նպատակով: Գուցե սկսել գեղարվեստական գրքերից:

Ահա և ամենասիրելին ինձ համար և ամենամութը` դպրոցների.  Գեղագիտություն:

Առաջինը, որտեղ առնչվել եմ գեղագիտությանը, համալսարանում սովորելուս տարիներին «Ընթերցման և արդի քննադատության տեսություն» դասընթացի ժամանակ է եղել, և երկրորդը` այստեղ` կրթահամալիրում: Ճաշակի ձևավորման լավագույն միջոցը «Գեղագիտություն» ուսումնասիրելն է: Երեխան գուցե տեսականորեն գիտի` ինչ է գեղագիտությունը, բայց չգիտի դրա ուսումնասիրման նպատակը: Այսինքն` գեղագիտություն է պետք մաթեմատիկայում, գրականության մեջ, հասարակական կյանքում, բնության մեջ, ամեն տեղ: Միայն ասել, որ գեղագիտությունը փիլիսոփայական գիտություն է և ուսումնասիրում է արվեստի զարգացման օրինաչափությունները, հավասարազոր է` ոչինչ չասել: Պետք է երեխան դրա միջոցով տարբերի լավը վատից, գեղեցիկը տգեղից, ճաշակովը անճաշակից:

Ֆիզիկական կուլտուրա: Երկար չխոսեմ դպրոցներում սրա պակասի մասին, միայն ասեմ, որ քսանմեկերորդ դարի մարդու ամենաթույլ կողմը` հեռու լինել առողջ ապրելակերպից: Դպրոցներում կա այդպիսի առարկա, բայց ինչքանով է ծառայում նպատակին, թույլ տվեք լռեմ: Ասեմ, որ ֆիզիկական կուլտուրան պետք է լինի սնունդի նման մի բան ոչ միայն դպրոցներում, այլ մեր առօրյայում:

Կարծում եմ` այս չորս գլխավոր առարկաներից հետո պետք է լինեն նաև մնացած առարկաները, բայց յուրաքանչյուրը պետք է ունենա ուսումնասիրման իր ժամանակահատվածը: Չպետք է թույլ տալ գրականությունը դասացուցակում զբաղեցնի վերջին ժամերը` երեխաներին զրկելով թարմ ու սթափ ուղեղով վերլուծություններ անելու հնարավորությունից: Բայց դասացուցակ կազմող մասնագետները պնդում են, որ երեխան մաթեմատիկան ավելի հեշտ կսովորի, եթե այն առաջին ժամը լինի:

Հոդվածի հեղինակը լինելով աշխարհահռչակ մաթեմատիկոս, դպրոցներում մաթեմատիկային տալիս է երկրորդական դեր և պնդում, որ այն կարող է դրվել դասացուցակում հինգերերդ դասաժամ, այն էլ շաբաթական մեկ անգամ:

Անսահման է մաթեմատիկայի հանդեպ սերս, նույնիսկ դպրոցական տարիներին բոլորի մոտ տպավորություն էր ստեղծվել, որ ընտրելու եմ մաթեմատիկայի հետ կապված մասնագիտություն, բայց պետք է համաձայն եմ հոդվածագրի հետ, որ մաթեմատիկան այն չորս գլխավոր առարկաների հետ նույն հարթության վրա լինել չի կարող: Իսկ ոմանց դեդուկտիվ մտածողության զարգացման մասին մեջբերումներին ուզում եմ հարցով պատասխանել. իսկ ինչպես զարգացնենք երեխաների վերլուծական, ստեղծագործական, քննչական մտածողությունները: Հարցի պատասխանն է` տարբերակել առարկաների կարևորությունը, սովորել և սովորեցնել ճիշտ կարդալ գրքերը, կարրևորություն տալ երեխայի գեղագիտական ընկալմանը:

Ինչ վերաբերում է բուհական ընդունելության մասին հեղինակի առաջ քաշած մտքին, դարձյալ պետք է համաձայնեմ այդ մտքի հետ: Ութ-ինը տարի դպրոց հաճախել, զարգացնել վերը թվարկված կրթության չորս կարևոր հմտությունները, մեկ- երկու տարի նախաբուհական կրթությունը լրիվ բավական կլինի, որ երտասարդը հստակ հասկանա, թե իրեն ինչ մասնագիտություն է պետք: Թե չէ ստացվում է, որ այսօր մենք մասնագիտություն ենք ընտրում, որ լավ փող աշխատենք և առանց սիրելու մեր մասնագիտությունը ստիպված աշխատենք: Իսկ հեղինակի առաջարկած տարբերակով և՛ կրթության որակը կբարձրանա, և՛ անհատը ձեռք կբերի իրեն անհրաժեշտ և սիրելի մասնագիտությունը: Ըստ այդմ էլ խնդիր չի առաջանա գումար աշխատել: Պարզ է, որ պետք է փոխենք մեր վերաբերմունքը դպրոցի, մեր մտածելակերպի, դաստիարակության վերաբերյալ և կարևորենք առաջինը` ինքնակրթությունը, այսինքն`  պատրաստ լինենք քայլել ժամանակին համընթաց, չդոփել տեղում ու այդ դոփյունը քողարկել փորձառության քողի տակ:

Posted in Նախագծեր, Uncategorized

Բեմականացում. Նուկիմ քաղաքի խելոքները

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն » նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցի 4-3 դասարանի հետ պատրաստվում ենք բեմադրել Ավ. Իսահակյանի  « Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը:

Նպատակը՝ հեքիաթի յուրացում՝ կենդանի խաղի, բեմականացման միջոցով, ինքնադրսևորում, ուշադրության զարգացում, թատերական հմտությունների զարգացում:

Ընթացքը՝

  1. հեքիաթի ընթերցում
  2. հեքիաթի բառարանի ստեղծում
  3. բեմադրում
  4. սովորողների առաջարկով՝ ներկայացման ընթացքում կենդանի շուկայի ստեղծում

Արդյունքում՝

  1. հեքիաթի ներկայացում Artսահմանում
  2. հյուրասիրություն