Posted in «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար, Ճամփորդություն

Վաղաշենի բնապահպանական, մանկավարժական ճամբար

Կրթահամալիր դիմած և մուտքի ճամբարն անցած մասնակիցները օգոստոսի 28-ին ուղևորվեցին դեպի Վաղաշեն: Այնտեղ մեզ էին սպասում կապուտաչյա, չքնաղագեղ Սևանը, մաքուր օդն ու գույնզգույն վրանները, որտեղ պետք է գիշերեինք: Նախագծի շրջանակներում մաքրեցինք Սևանի ափը, հավատացած եղեք, ամեն մեկը ջանասիրաբար իր գործն էր կատարում` օրինակ ծառայելով մյուսներին: Այնուհետև ունեցանք սեմինար-քննարկում, ինչի արդյունքում Սևանի, և ոչ միայն, մաքրությունը պահպանելու համար առաջարկվեցին լուծումներ, մեթոդներ: Իսկ առջևում հրաշքի վայելքն էր. Սևանի ափին նստած նայել մայրամուտին, ասեք, որ հրաշալի է: Իսկ երբ ափից վերադարձանք մեր վրանների մոտ, պետք էր փայտ հավաքել, որպեսզի խարույկ վառվեր: Խարույկը պատրաստ էր, մենք հավաքվեցինք նրա շուրջը, երգեցինք, պարեցինք, զրուցեցինք տարբեր թեմաներից, բայց նաև քնել էր պետք, կեսգիշերին յուրաքանչյուրս մեր վրանը մտնելով` փորձեցինք քնել: Գիշերն այդքան էլ խաղաղ չանցավ. շները որոշել էին ուտել մեր գիշերվա արած խորովածը, մասնակիցների մի մասը մրսում էր, մյուս մասի մուսան էր եկել, որոշել էին քնելու փոխարեն ինչ-որ հարցեր քննարկել, մի խոսքով, գիշերը անցավ զվարճալի դեպքերով: Առավոտ կանուխ արթնացանք, մարզվեցինք, լողացին նրանք, ովքեր լողալ գիտեին, ես ուղղակի Սևանի ջրով ցողվեցի: Դրանից հետո բարձրացանք Վաղաշենի սրբավայր, այնտեղ իր զրնգուն ու վճիտ ձայնով ևս մեկ անգամ մեզ զարմացրեց ընկեր Սեդան`շարականներ երգելով: Վերջում ճանապարհ ընկանք դեպի Երևան: Բայց ճանապարհին ևս մեկ կանգառ ունեինք` Հայրեվանք: Մինչ Հայրեվանքում երկու պսակադրություն էր, մենք ընդմիջում էինք անում: Հերթը հասավ մեզ մուտք գործելու վանական համալիր, դարձյալ շարականներ, աղոթք և օրն արդեն ստացված էր: Ահա և այս ճամփորդությունն ավարտվեց, մեզ բարձր տրամադրություն և հաճելի հուշեր պարգևելով:

Leave a comment