Posted in Uncategorized

ՎԱՅՐԷՋՔ․ Թումանյան


Քառասուն տարի բըռնած ճանապարհ՝
Շիտակ, անվեհեր
Գընում եմ ես վեր—
Դեպի Անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ։

Քառասուն տարի ճամփովն ահարկու
Անցել եմ էսպես
Ու հասել եմ ես,
Խաղաղությանն եմ հասել ես հոգու։

Թողել եմ ներքև, մեծ լերան տակին,
Ե՛վ փառքը, և՛ գանձ,
Ե՛վ քեն, և՛ նախանձ—
Ամենը, ինչ որ ճընշում է հոգին։

Եվ էն ամենը, արդ նայում եմ ես—
Տեսնում եմ նորից
Իմ լերան ծերից—
Էնպես հասարա՜կ, դատարկ են էնպե՛ս…

Եվ ես իմաստուն ու բեռըս թեթև,
Անհոգ ծիծաղով,
Երգով ու տաղով
Իջնում եմ զըվարթ իմ լերան ետև։
1909
Posted in Uncategorized

«Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա…» Թումանյան

* * *

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա

Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

1902


Posted in Uncategorized

Պատրանք․ Թումանյան

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

1918


Posted in Uncategorized

ՍՈՒՏԱՍԱՆԸ․ Հովհաննես Թումանյան

ՍՈՒՏԱՍԱՆԸ

1

Լինում է, չի լինում՝ մի թագավոր։ Էս թագավորը իր երկրում հայտնում է․

— Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան։

Գալիս է մի հովիվ։ Ասում է․

— Թագավորն ապրած կենա, իմ հերը մի դագանակ ուներ, որ էստեղից մեկնում էր, երկնքում աստղերը խառնում։

— Կպատահի՛,— պատասխանում է թագավորը։ — Իմ պապն էլ մի չիբուխ ուներ, մի ծերը բերանին էր դնում, մյուս ծերը մեկնում, արեգակիցը վառում։

Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։

2

Գալիս է մի դերձակ։ Ասում է․

— Ներողությո՛ւն, թագավո՛ր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։

— Հա՛, լավ ես արել,— ասում է թագավորը,— բայց լավ չէիր կարկատել, էս առավոտ էլ մի քիչ անձրև թափվեց։

Սա էլ է դուրս գնում։

3

Ներս է մտնում մի աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։

— Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,– հարցնում է թագավորը։ — Ինձ մի կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։

— Մի կոտ ոսկի՞– զարմանում է թագավորը։ — Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։

— Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։

— Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,― խոսքը փոխում է թագավորը։

— Ճշմարիտ եմ ասում՝ մի կոտ ոսկին տուր։

Posted in «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի հինգերորդ օր

Օրը սկսվեց առավոտյան ժամերգությամբ Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Մայր դպրոց վերադառնալով` սկսեցինք մարզվել, հեծանիվ վարել, մի քանի փոքրիկ վնասվածքները չխանգարեցին օրվա գեղեցիկ շարունակությանը։ Ավանդական դարձած երգ ու պարը էլ ավելի բարձրացրեց բոլորիս տրամադրությունը։ Բարձր տրամադրությամբ գնացինք ընթերցասրահ, որտեղ մեզ սպասում էր լուրջ մանկավարժական հոդվածների վերլուծություն։ Այդ ամենը մեզ համար հաճելի և պարտավորեցնող աշխատանք էր։ Վերջում որպես օրվա գեղեցիկ ավարտ ուրբաթօրյա փառատոնային ելույթ ունեցանք։ Այսպիսով, միմյանց հրաժեշտ տվեցինք` ամփոփելով մեր ճամբարը։ Վաղը մեզ սպասում է Վաղաշենյան ճամբարը։

Posted in «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Վերլուծություն

Հերման Հեսսե

«Ով կարողանում է սիրել, երջանիկ է»

Հերման Հեսսեն 1987 թվականի նամակներից մեկում խոստովանել է, որ ինքը որևէ ուսմունքի հետևորդ չէ, այլ՝ որոնումների և կայացման մարդ, այդուհանդերձ, կայուն արժեքներ նրա կյանքում եղել են: Գրողը խոստովանել է, որ այդ արժեքներն են նրա հայրական տան` քրիստոնեական և ազգայնականությունից գրեթե ամբողջությամբ զերծ ոգին, մեծ չինացիները և պատմաբան Յակով Բուրկհարդտը: Հեսսեի գործերը  ունեն կարևոր մի հատկանիշ. դրանք եռադեմ են՝ միտված անցյալին, ներկային և ապագային: Երբ համեմատում ենք Հեսսեին և Կաֆկային, ապա պարզ է դառնում, որ մտածողության առումով և գրական ճանապարհի սկզբնական հատվածում նրանք ինչ-որ չափով նման են իրար: Երկուսն էլ խոսում են այն փակուղիների մասին, որոնցում հայտնվել է մարդը: Բայց եթե Կաֆկայի համար փակուղիները մնում են փակ, ապա Հեսսեն փորձում է բացել դրանք:

Continue reading “Վերլուծություն”
Posted in «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Հոդվածների ընթերցում, վերլուծում

Աշոտ Բլեյան «Կյանքը նման է հեծանիվ վարելուն, հավասարակշռության համար պետք է անընդհատ շարժվենք»

«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագծի շրջանակներում տիար Բլեյանը իրեն ուղղված հարցերին տալիս է հանգամանալից պատասխաններ, ինչպես նաև խոսում կրթության ոլորտում առկա խնդիրների մասին, տրվող լուծումների ու առաջարկվելիք ծրագրերի մասին: Հատկապես հատկանշական է այն հարցի պատասխանը, թե ինչպես է գնահատվում մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը, ինչին տիար Բլեյանը պատասխանում է, որ ինքը կառավարման-կրթության փորձագետ չէ, ո´չ էլ վերադաս պաշտոնյա: Թող ուրիշները գնահատեն կրթահամալիրում արված գործերը, ուսումնական նախագծերը, ուսուցիչներին ու սովորողներին, ովքեր փոխում են մեր շրջապատը:

«Ընտանեկան ընթերցումների ֆլեշմոբ» խորագիրը կրող հատվածում տիար Բլեյանը առանձնացնում է անպայման ընթերցանության մի շարք նյութեր.

Մարգարիտ Սարգսյան «Ուսումնական օրացույցը մանկավարժական տարվա կազմակերպիչ»

Հոդվածը նվիրված է կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկություններից մեկին` ուսումնական օրացույցին։ Շատ կարևոր հարթակ և՛ սովորողների, և՛ դասավանդողների համար։ Հոդվածից պարզ է դառնում, որ օրացույցի ուսումնականությունը անընդհատ թարմացվում է, կատարվում են փոփոխություններ, ինչից ընթերցողի համար, կարծում եմ, հետաքրքիր ու տարբերվող միջավայր էձևավորվում։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ օրացույցի բովանդակության մեջ ուսումնական նախագծեր են ներառվում, այդ ամենը նպաստում է նոր նյութերի ստեղծմանը, տարածմանը, փորձի փոխանակմանը: Մի հետաքրքիր հանգամանք ևս նկատեցի հոդվածում. հեղինակը խոսում է գարնանային նախագծային շաբաթվա մասին, որտեղ դասավանդողները` ոչ թե մեկ դասավանդող, այլ բոլոր դասավանդողները տարբեր նախագծեր են ներկայացրել նույն դասարանում սովորողների համար, և յուրաքանչյուր սովորող ընտրել է այն նախագիծը, որով ցանկանում է աշխատել։ Կարծում եմ` մոտեցումը հետաքրքիր է նախ մեթոդի ընտրության առումով, երկրորդ` զարգացման։ Նույն նախագծին մոտեցումը ինչքան էլ անհատական է, միևնույն է, նույն կաղապարով աշխատելը մի տեսակ հոգնեցնում է առաջին հերթին դասավանդողին։ Իսկ տարբեր նախագծերով աշխատանքը տվյալ դասարանի նույն խմբի հետ ոգևորիչ է սովորողի համար, քանի որ ինքը ունի ընտրության հնարավորություն, դասավանդողին նախագծի փոփոխությունը սթափ է պահում, քանի որ դու աշխատում ես միանգամից մի քանի ուղղությամբ։ Բավականին բարդ ու պատասխանատու ծրագիր է մտածվել ու կարևորը` իրագործվել։

Posted in «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի չորրորդ օր

Քոլեջի հարակից բակում նորից եռուզեռ էր. կատարում էինք մաքրման ու մշակման հերթական աշխատանքները. դարձյալ ոգևորված էինք, բարձր տրամադրությամբ, կատակներով, խինդ ու ծիծաղով: Հետո աշխատանքներին փոխարինելու եկավ միասնականության քայլքը Մուտք ճամբարի մասնակիցների և նախաձեռնող խմբի հետ: Մայր դպրոցից շարժվեցինք դեպի Ֆիզիկայի գիտավան` ծանոթանալու  հասարակական հնչեղություն ստացած հարցերին: Երթուղայինում հնչեցին հարցեր, որոնց մեծ սիրով պատասխանում էր կրթահամալիրի հիմնադիր-մենթոր Աշոտ Բլեյանը: Վերադարձին բոլորս, ամփոփելով օրվա տպավորությունները, իրար հրաժեշտ տվեցինք` հուսալով վաղը հանդիպել:

Posted in «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի երրորդ օր

Ինչպես անցած երկու օրերը, այսօրը ևս սկսվեց Սարալանջում պարտիզապուրակային աշխատանքներով: Նույն խանդավառությամբ ու ոգևորությամբ կատարվեցին աշխատանքները, այնուհետև շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Մայր դպրոց: Մարգարիտ Սարգսյանը խոսեց ուսումնական նախագծերի, դրանց կազմակերպմանն առնչվող հարցերի մասին: Հերթը հասավ մանկավարժական քննարկմանն ընթերցասրահում: Ծրագրում հաջորդը փառատոնային-երաժշտական պարապմունքն էր: Կոմիտասյան երգերի վերհիշումն ու Հասմիկ Մաթևոսյանի դիտարկումները երգեցողության վերաբերյալ հաճույք էին պատճառում մեզ: Հաջորդը մարմնամարզությունն էր: Հեծանվավարության ժամանակ առավել հմուտները ուժերը փորձեցին` բակում հեծանիվ վարելով, իսկ ովքեր քիչ թե շատ չէին տիրապետում հեծանիվ վարելու արվեստին, մասնագետները օգնում էին այդ հարցում: Բացի ուղեղը մարզելուց` պետք է մարզել նաև մարմինը, իսկ այդ հարցում մեզ օգնության հասավ հոգատար ու սրտացավ Ռոզա Գսպոյանը: Կրթահամալիրում ոչ մի օր առանց անակնկալների չի անցնում, սպասենք վաղվա բացահայտումներին:

Posted in Մանկավարժական ակումբ

Անդրադարձ «Դպիր» ոսումնական ամսագրում ներառված նյութերին

Էդվարդ դե Բոնո «Սովորեցրու քեզ մտածել»

Նյութի հեղինակը առաջարկում է հինգ պարզ քայլ` պարզ ու արդյունավետ մտածողության հասնելու: Նախ խոսվում է մտածողության «թշնամիների» մասին` խառնաշփոթի և ամեն ինչ միանգամից անելու ցանկության, չիմանալու, թե ինչ ենք անելու, հաջորդիվ անդրադարձ է կատարվում մտածողությունը խելքի հետ նույնականացնելուն, սեփական անկարողության շուրջ մտքերին:

Էդվարդ դե Բոնոյի վարպետության գիրքը առաջարկում է մի կառուցվածք, որը մեզ հնարավորություն է տալիս արձագանքելու տարբեր իրավիճակների և հաղթահարելու դրանք: «Սովորեցրու քեզ մտածել» գիրքը ուղեղի ծրագրավորում է, որը հաջողությամբ վերածվում է մտածողության մեխանիզմի և դառնում բոլորիս համար մեծ արժեք:

Continue reading “Անդրադարձ «Դպիր» ոսումնական ամսագրում ներառված նյութերին”