Posted in Աշխատանք մենթորի հետ. Մանկավարժական զրույցներ, ծանոթացում, քննարկում

Աշխատանք մենթորի հետ. Մանկավարժական զրույցներ

01.12.2021-18.12.2021

Դեկտեմբեր ամիսը մեկնարկեց «Կարդում ենք Իսահակյան» նախագծի ամփոփմամբ։ Այնուհետև մենթորիս՝ Քրիստինե Շահբազյանի հետ սկսել ենք աշխատել էլեկտրոնային մատենավարության լրացման վրա։ Համատեղ մշակել, լրացրել ենք դեկտեմբերյան նախագծերն, ինչպես նաև քննարկել ենք հունվարյան նախագծերը։ Բացի այդ դեռ շարունակում ենք «Արևմտահայերենի օրեր» համագործակցային նախագիծը արևմտահայերենի դասավանդող Հուրի Աթթարեանի հետ։ Դեկտեմբերին արդեն սկսել ենք «Ձմեռային ընթերցանություն» նախագիծը։ Նախագիծն ընթացքի մեջ է։ Հունվարյան ճամբարի ընթացքում պատրաստվում ենք հանդես գալ փոքրիկ բեմականացմամբ։ Սովորողներին շատ է ոգևորում այն փաստը, որ իրենք պետք է հանդես գան բեմականացմամբ։ Բացի այդ, արևմտահայերենի յուրացման համար առավել արդյունավետ միջոցներից մեկն էլ բեմականացումն է։

01.11.2021-25.11.2021

Նոյեմբերի 1-5 առցանց տարբերակով պետք է վարեինք դասերը, և քանի որ ես առաջին անգամ պետք է այդ տարբերակով դասը վարեի, բնական է, որ ունեի շատ հարցեր: Մենթորս՝ Քրիստինե Շահբազյանը ուղղորդեց, մանրամասն ներկայացրեց Teams հարթակը, այնուհետև քննարկեցինք դասապրոցեսը: Առցանց հանդիպումներին նա ևս միացել էր, լսում էր, հետևություններ, դիտարկումներ անում: Օրեցօր ավելի լավ էի տիրապետում Teams հարթակին և առավել արդյունավետ կազմակերպում դասերս: Բայց պետք է խոստովանեմ, որ ֆիզիկական միջավայրում, կենդանի շփման դեպքում առավել հագեցած և արդյունավետ դասապրոցես ենք ունենում:

«Կարդում ենք Իսահակյան» նախագծի շրջանակներում բեմադրեցինք «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը. ճիշտ է, բեմադրությանը մասնակցում էին այն դասարանի սովորողները, որոնց ես եմ դասավանդում, սակայն մենթորս՝ Քրիստինե Շահբազյանը մասնակցում էր բեմադրության փորձերին, օգնում և՛ ինձ, և՛ սովորողներին առավել համարձակ, առավել վստահ լինել մեր նախաձեռնություններում: Հեքիաթի բեմադրությունը ավարտվեց հյուրասիրությամբ, ինչը սովորողների հետ քննարկման արդյունքում որոշվեց և արվեց «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագծի շրջանակներում և առթիվ:

«Արևմտահայերենի օրեր» համագործակցային նախագիծը նախքան մշակելը մենթորիս՝ Քրիստինե Շահբազյանի հետ քննարկեցինք սովորողների հննարավորություններն ու հետաքրքրությունների շրջանակը, թե ինչը առավել արդյունավետ կդարձնի դասընթացը: Բովանդակալից քննարկումների արդյունքում ստեղծեցինք նախագիծը և սկսեցինք մեր համագործակցությունը արևմտահայերենի ուսուցիչ և լեզվակիր Հուրի Աթթարեանի հետ:

Նոյեմբեր ամիսը բավականին հագեցած, արդյունավետ ամիս էր մեր համագործակցությունների, ուսումնական նյութերի մշակման, նոր գաղափարների իրագործման առումով:

04.10.2021-22.10.2021

Հոկտեմբերը մեկնարկեց «Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփմամբ: Սովորողները մեծ ոգևորությամբ մասնակցեցին «Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբին», սակայն շատ քչերն էին տեսանյութերը տեղադրել բլոգում: «Կոմիտասյան օրեր» նախագծին ամփոփելուց հետո անցում կատարեցինք «Սարոյանական օրեր» նախագծին: Սովորողները իրենց ընտանեկան գրադարաններից, համացանցից օգտվելով առանձնացրել էին առակներ, որոնք ընթերցեցին դաարանում, կիվեցին առակների խորհուրդներով, ովորեցին ու ովորեցրին ընկերներին:

Ահա, հոկտեմբերի յոթից տասնութը պետք է փոխարինեի մենթորիս:Ֆիզիկական միջավայրում դասերը վարում էի ես, սակայն առցանց տարբերակով, հեռախոսազանգի միջոցով քննարկում էինք մեր անելիքները ընկեր Քրիստինեի հետ. ես պատմում էի դասերն ինչպես են անցել, որ դասարանում էին առավել ոգևորված ու պատրաստ դասերին, ընկեր Քրիստինեն ուղղորդում էր, խորհուրդներ էր տալիս, կիսվում իր փորձով:
Ես ուղղակի զարմացած էի հինգերորդ դասարանցիների հասուն մտածելակերպից: Երբ Սահյանի «Անտառում» բանաստեղծությունն էինք քննարկում, նրանք այնպիսի մտքեր էին արտահայտում, որ ինձ մեկ-մեկ թվում էր ես կրտսեր դպրոցի սովորողների հետ չեմ քննարկումն անցկացնում:

Այդ կարճ ժամանակահատվածը օգտակար էր ինձ համար բացահայտելու սովորողների տարբեր տարիքային խմբերի մտածելակերպը:

27.09.2021-01.10.2021

Շաբաթը մեկնարկեց «Կոմիտասյան օրեր» նախագծով: Նախագծի վերաբերյալ երկար քննարկումներ ունեցանք ընկեր Քրիստինեի հետ, տարբեր մտքեր հայտնեցինք, եղան այնպիսիները, որոնք խրախուսվեցին իրագործման համար: Ամենահետաքրքիրը «Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ» նախագիծն էր, և՛ սովորողներին դուր եկավ ֆլեշմոբի միտքը, և՛ դասավանդողներին: Շնորհիվ փորձառու և խելացի մենթորիս, ունենում եմ ստացված և արդյունավետ մայրենիի դասեր:

13.09.2021-17.09.2021

Մենթորս` Քրիստինե Շահբազյանը խորհուրդ տվեց սովորողների հետ քննարկել, թե նրանք ինչ գույներով, ինչ ձայներով են ընկալում Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը: Այդպես անելով հասկացա, որ սովորողները ոգևորվեցին, ավելի լավ ընկալեցին բանաստեղծությունը:

Դասերս ավելի արդյունավետ են դառնում, երբ հետևում եմ ընկեր Քրիստինեի խորհուրդներին:

07.09.2021

Այսօր Հյուսիսային դպրոց-պարտեզի 4-ի 3 դասարանում դասը սկսվեց նախորդ օրվա ակտիվությամբ: Սովորողները ծանոթացել էին նախագծին, կարդացել  Աստրիդ Լինդգրենի  «Երեք վիպակ Մանչուկի և Կառլսոնի մասին» գիրքը: Դասերս ստացված ու բովանդակալից են ստացվում իմ շատ սիրելի և հոգատար մենթորի` Քրիստինե Շահբազյանի խորհուրդների շնորհիվ:

06.09.2021

Այսօր Հյուսիսային դպրոց-պարտեզում դասը սկսեցի 4-ի 3 դասարանում: Սովորողների մեծ մասը դեռ չէր ծանոթացել այս շաբաթվա նախագծին: Նրանք դեռ շաբաթ օրվա ճամբարային ուղևորության ազդեցության տակ էին. ոգևորված էին, մի մասը արդեն բլոգում կիսվել էր տպավորություններով, մյուս մասը բանավոր ներկայացրեց, կիսվեց իր արկածներով: Նաև խոսեցինք նախագծի իրականացման մասին: Սովորողները հետաքրքիր ու յուրօրինակ մտքերով էին կիսվում, խոսում իրենց կարդացած գրքերի մասին, քննարկում ամենահետաքրքիր հատվածները: Դասն այսօր ևս արագ անցավ ու իր ազդեցությունը ունեցավ բոլորիս վրա:

03.09.2021

Օրս սկսվեց 4-ի 1 դասարանում: Սովորողների մեծ մասը արդեն գիտեր նախագծի որ կետն է իրականացնելու, մի մասն էլ միանգամից մի քանի կետն էր փորձում իրականացնել. ինչ խոսք` ողջունելի է: Նախագծի քննարկումներն ավարտելուց հետո անցանք «Փոքրիկ իշխան»-ի քննարկումներին: Այնպիսի հետաքրքիր մտքերով էին փոխանակվում, որ չնկատեցինք, թե ինչպես դասաժամն մոտեցավ իր ավարտին, բայց մենք դեռ առիթներ շատ կունենանք շարունակելու մեր քննարկում-զրույցը: Ինչպես միշտ օրս հագեցած էր կրթահամալիրում: Իսկ ընկեր Քրիստինեի խորհուրդներն ինձ ավելի ու ավելի են օգնում լավ ու հմուտ ուսուցիչ լինելու հարցում:

02.09.2021

Այսօր հտևում էի ու որպես դիտորդ էի մասնակցում դասերին, բայց առաջիկայում նախատեսում եմ նոր բաժին բացել ու տեղադրել նյութեր` նախատեսված 4-րդ դասարնցիների համար:

Այսօր արդեն ծանոթացա 5-րդ դասարանցիների հետ: Ճիշտ է, ես նրանց չեմ դասավանդելու, բայց հետաքրքիր զրույց ունեցանք: Ինձ հաճելիորեն զարմացրեց այն փաստը, որ աշակերտներից մեկը կարդացել էր Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն վաճառականը» գիրքը, և մենք դասամիջոցին փոքրիկ քննարկում-վերլուծություն կատարեցինք: Իմ շատ սիրելի մենթոր և մայրենի դասավանդող Քրիստինե Շահբազյանը ներկայացրեց 5-րդ դասարանցիների համար նախատեսված նախագիծը: Սովորողները ոգևորված էին և արդեն գիտեին` ինչ պետք է անեին: Այս տարի շատ էին նոր աշակերտները, որոնք տեղափոխվել էին այլ դպրոցներից` տարբեր պատճառներով: Չնայած ծրագրային տարբերություններին` սովորողները բավականին տեղեկացված էին. նրանցից շատերը դեռ բլոգներ չունեին, սակայն կրթահմալիրի սովորողները պատրաստակամություն հայտնեցին օգնելու նոր սովորողներին:

Ես այսօր արդեն միայնակ էի դաս վարում 4-րդ դասարանում: Նախագծի հետ կապված սովորողներն իրենց պատկերացումներն ու հետաքրքիր մտքերն արտահայտեցին:

01.09.2021

Այսօր սեպտեմբերի 1-ին` գիտելիքի օրը բոլորը շտապում էին ուսումնական հաստատություններ. քաղաքը հաճելի եռուզեռի մեջ էր: Իսկ ահա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր ես որպես աշխատող մուտք գործեցի, իհարկե մշտական աշխատող դառնալու համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնեմ, բայց փաստը, որ արդեն սեբաստացի ես, ուրախացնող է: Այսօր ծանոթացա մենթորիս` Քրիստինե Շահբազյանի հետ, ումից արև էր ճառագում: Առաջին իսկ վայրկյանից իր խորհուրդները, մարդկային մոտեցումը ինձ մինագամից ներգրավեց աշխատանքային պարտականությունների մեջ: Ուսումնական միջավայրը, որտեղ գտնվում էինք, Հյուսիսային դպրոց-պարտեզն էր, իր չքնաղագեղ տնօրենով, սրտացավ մասնագետներով, և դե իհարկե, աշխարհի լավագույն մենթորով: Առաջին դասարանը, ուր մուտք գործեցինք` 4-ի 2 դասարանն էր: Սովորողները ներկայացան. փորձում եմ մտապահել նրանց անունները, ընկեր Քրիստինեն ներկայացրեց նախագիծը, հանգամանալից բացատրեց սովորողների անելիքները, պատասխանեց անհասկանալի հարցերին: Ինձ ևս շատ դուր եկավ նախագիծը ու ես կուզենայի տվյալ պահին լինել 4-րդ դասարանցի: Հաջորդիվ մեզ սպասում էր 4-ի 1 դասարանը, իսկ վերջում` 4-ի 3-ը: Այս երեք դասարաններում նախագիծը տարբեր ընկալումներ ունեցավ, սովորողները տարբեր կերպ արձագանքեցին նախագծի իրականացմանը:

Leave a comment