Posted in Երկարացված օրվա կազմակերպիչ

Երկարացված օրվա աշխատակարգ․ մարտի 28-ապրիլի1

Մարտի 28, երկուշաբթի

13:35 -13:45 —ճամբարականների դիմավորում, հաշվառում

13:50-14:20 ճաշ

14:25-15:15 — նախագծի իրականացում՝   «Նկարագրի՛ր մեկ բառով»

15:15-16:00ինքնակրթություն

16:00-16:30—միջավայրի խնամք, դասարանի հարդարում

16:30-17:00— տուն ճանապարհում

Երկարացված օրվա սովորողների լրացուցիչ կրթություն

Մարտի 29, երեքշաբթի

13:35 -13:45 —ճամբարականների դիմավորում, հաշվառում

13:50-14:20 ճաշ

14:25-15:15— նախագծի իրականացում՝  «Բառախաղ»

15:15- 16:00— ինքնակրթություն

16:00-16:30—միջավայրի խնամք, դասարանի հարդարում

16:30-17:00—  տուն ճանապարհում

Երկարացված օրվա սովորողների լրացուցիչ կրթություն

Մարտի 30, չորեքշաբթի

13:35 -13:45 —ճամբարականների դիմավորում, հաշվառում

13:50-14:20 ճաշ

14:25-16:00 — նախագծի իրականացում՝  «Ղարաբաղի բարբառով հեքիաթի ընթերցում» համագործակցային նախագիծ Ալինա Մարզումանյանի հետ

16:00-16:30—միջավայրի խնամք, դասարանի հարդարում

16:30-17:00—  տուն ճանապարհում

Երկարացված օրվա սովորողների լրացուցիչ կրթություն

Մարտի 31, հինգշաբթի

13:35 -13:45 —ճամբարականների դիմավորում, հաշվառում

13:50-14:20— ճաշ

14:25-15:15 — ինքնակրթություն

15:15- 16:00—  «Ազգային խաղեր, մուկն ու կատու»

16:30-17:00— տուն ճանապարհում

Երկարացված օրվա սովորողների լրացուցիչ կրթություն

Ապրիլի 1, ուրբաթ

13:35 -13:45 —ճամբարականների դիմավորում, հաշվառում

13:50-14:20— ճաշ

14:25-16:00 — ինքնակրթություն

16:00-16:30—միջավայրի խնամք, դասարանի հարդարում

16:30-17:00—  տուն ճանապարհում

Երկարացված օրվա սովորողների լրացուցիչ կրթություն

Posted in Երկարացված օրվա կազմակերպիչ

Ղարաբաղի բարբառով հեքիաթի ընթերցում

Անվանումը՝ «Ղարաբաղի բարբառով հեքիաթի ընթերցում»

Օրը՝ 30.03.2022

Ժամը՝ 14։00

Վայրը՝ Արևելյան դպրոցի Վերնատուն հարթակ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ և առաջին դասարանի երկարացված օրվա ճամբարականներ

Պատասխանատուներ՝ Սոֆյա Մամյան, Ալինա Մարզումանյան

Նպատակը՝ Սաների մեջ հետաքրքրության  ձևավորում Հ․ Թումանյանի, հեքիաթների և բարբառների հանդեպ։

Հեքիաթի ընտրություն՝ Հ․ Թումանյան  «Պոչատ աղվեսը»

Քայլերի նկարագրություն

  • Նախապատրաստական աշխատանք Արևելյան դպրոցի սովորողների հետ
  • Հեքիաթի ընտրություն Ղարաբաղի բարբառով՝ Հ․ Թումանյանի «Պոչատ աղվեսը»։
  • Ընթերցողական հմտությունների փոխանցում սովորողներին
  • Ընթերցում, քննարկում փոքրիիկների, կրտսեր սովորողների հետ, վերապատմում
  • Հեքիաթի բարբառային բառերի բացատրություն սովորողների կողմից
  • Դասի նկարահանում, լուսանկարում, տեսանյութի պատրաստում։

Ամփոփումը՝

Posted in Հաշվետվություն

Թումանյանը որպես ոգեշնչման աղբյուր

Նախագիծը՝ Թումանյանական օրեր

4-3 դասարանի սովորողները կարդալով Թումանյան՝ ստեղծագործում են գարնան մասին, վերնագրում իրենց ստեղծագործությունները․  Գարնան մասին ։

Թումանյանի հեքիաթները կարդալով՝ սովորողները հայտնվել էին մի աշխարհում, ուր շուրջբոլորը հեքիաթների հերոսներն էին զբոսնում։ Սովորողները որոշեցին, որ պետք է բոլորին պատմեն իրենց շրջագայության մասին․Ստեղծագործում ենք և հայտնվում Հեքիաթների աշխարհում։

Posted in Նախագծեր

Կարդում ենք Աղայան

Նախագծի մասնակիցներ` 4-րդ դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը` ապրիլի 1-15

Նախագծի նպատակը` սովորողներին ծանոթացնել Աղայանի գրական հարուստ ժառանգությանը՝ հեքիաթներին, զրույցներին, բանաստեղծություններին :

Ղ. Աղայան մեդիափաթեթ

Մանկական պատմվածքներ

Հեքիաթներ և զրույցներ


Բանաստեղծություններ

Մուլտֆիլմեր

Ստեփան Զորյանը Ղ. Աղայանի մասին

Նվարդ Թումանյանի հուշերից

Հիմքում՝ Քրիստինե Շահբազյանի նախագիծը։

Ամփոփում՝

«Կարդում ենք Աղայան» նախագիծը սովորողների բլոգներում

Posted in Ընթերցարան

Լուսնահաչ․ Ղ․ Աղայան

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, —Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:

Հարցեր և առաջադրանքներ     

  1. Բանաստեղծությունն անգիր սովորիր:
  2. Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր 10 գոյական, առանձնացրու դրանց արմատները, հնարավորության դեպքում դրանցով նոր բառեր կազմի՛ր:
  3. Ուրիշ ի՞նչ կենդանիներ գիտես,  որ լուսնյակի հետ առնչություն ունեն: Գրի՛ր դրանց  մասին:
  4. Քո կարծիքով շան հաչոցն անհանգստացնո՞ւմ է լուսնյակին, պատասխանդ հիմնավորի՛ր:
  5. Ըստ քեզ կարևո՞ր են բանաստեղծության վերջին չորս տողերը, բացատրի՛ր դրանք:
Posted in Ընթերցարան

Հնարագետ ջուլհակը․ Ղ․ Աղայան

1

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

2

Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

3

Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։

Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

  1. Դերվիշ — մահմեդականների թափառաշրջիկ կրոնավոր, խև
  2. Բոլորեքյան — բոլորը, ամենքը, բոլորը միասին
  3. Մաքուք — մաքոք

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
  2. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները:
  3. Հնարագիտություն, թագավոր, կտավ, հարցմունք, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր):
  4. Պատմվածքից դո՛ւրս գրիր 5  անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ: Պատմվածքից փորձիր գտնել և դուրս գրել հատուկ գոյականը:
  5. Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին:
  6. Ի՞նչ սովորեցրեց  քեզ պատմվածքը:  Բանավոր ներկայացրո՛ւ:
Posted in Ընթերցարան

Վաճառականի խիղճը․ Ղ․ Աղայան

Ղազարոս_Աղայան   Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և  տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի  մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։
― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։
― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։
Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո
գյուղացին թողնում է վաճառականի խղճին
, թե որքան որ կցանկանա վճարել հինգ
տարուց հետո։
Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս,
այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի
ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց
մոտ, չէ հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ. չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։
Հինգ տարին որ լրանում է, գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «հայրդ մերձիմահ
հիվանդ է, քո հաշիվներդ խոզեինիդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա,
չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է խոզեինիդ խղճին, որքան կտա,
կվերցնես, շատ թե քիչ»։
Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է խոզեինի մոտ
և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ
վերջացրու և ե՛կ»։
Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։
Գործակատարը վրդովվում է, թե՝ պարոն խոզեին, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե
ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև Աստված, ներքև դուք, հայրս մերձիմահ
հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվեք գնամ։
— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես
ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։
Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը
մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ
մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է  քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։
Գյուղացու որդին տեսնում է, որ իր խոզեինը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է,
թե երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային
հայտնել, թե իր խոզեինը մեռած է։
Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը
վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է
բարեկամներին, համքարներին  հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները
տեսնեք։
Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ
երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։
Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում, —
վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։
— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու
անգամ եք գալիս։
— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր
առողջությունը հարցնել։
Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով
վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց. հինգ րոպեից
հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ
փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։
Տասնհինգ րոպեից հետո գալիս են քսանչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։
― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։
Գալիս են հինգ-վեց հոգի։
― Ինչի՞ համար եք եկել և գնում։
― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի  վրա։
Քահանան տեղը կանգնում է և ասում.
― Ես էլ հենց դրա համար եմ եկել։
Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և
ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։
Կանչում են գործակատարին։
Գալիս է գործակատարը։
Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան
աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի
խղճին։
Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս խոզեինը խիղճ չունի, ինձ համար մեռածի
հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։
Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։
Դահիճները տանում են կախելու։
Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։
― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է
վաճառականը։
Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ
գանգատ չունե՞ս։
― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։
Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող
կախեն։
Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ետ բերեք տղային, միք կախիլ։
Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականին տարեք կախելու։
Դահիճները տանում են վաճառականին կախելու։
Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս խոզեինիդ վրա։
Տղան ձայն չէ հանում։
Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։
Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխան տուր, խո էլ ոչինչ չունես ասելու։
Տղան լացակումած ասում է.
― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա
որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ
նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։
Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողեք վաճառականին, էլ մի կախեք։
Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս
վաճառականը որքան որ կարողություն ունի, կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։
Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ
տալիս վաճառականի գանգատին։

1. Սովդաքար — վաճառական
2. Համքար — արհեստակից
3. Հոգոց — խոր շնչառություն և արտաշնչում որպես վշտի՝ տառապանքի արտահայտություն, հառաչանք

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:
  2. Բացատրի՛ր կարմիրով գրված նախադասությունները:
  3. Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր
  • վաճառականին,
  • գործակատարին:
Posted in Հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն․ մայրենի

Մարտ ամսվա ընթացքում իրականացրած նախագծերն ու արդյունքները․

Թումանյանական բանաստեղծություններից ոգեշնչված՝ գարնան մասին ստեղծագործում են 4-3 դասարանի սովորողները։

Թումանյանի հեքիաթները առիթ դարձան, որ սովորողները հայտնվեն Հեքիաթների աշխարհում․ Ստեղծագործում ենք և հայտնվում Հեքիաթների աշխարհում։

«Ուսումնական գարուն» նախագիծը ընթացքի մեջ է։

«Արևմտահայերենի օրեր» համագործակցային նախագիծ․ ընթերցում ենք արևմտահայերեն պատմվածքներ

Առավոտյան ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

Posted in Հաշվետվություն

Ստեղծագործում ենք և հայտնվում Հեքիաթների աշխարհում

Թումանյանի հեքիաթները կարդալով՝ սովորողները հայտնվել էին մի աշխարհում, ուր շուրջբոլորը հեքիաթների հերոսներն էին զբոսնում։ Սովորողները որոշեցին, որ պետք է բոլորին պատմեն իրենց շրջագայության մասին․

Գալստյան Անրի

Դաղլյան Արամ

Եղիազարյան Մանե

Խալաթյան Մարկ

Հովեյան Մարկ

Մարտիրոսյան Լիա

Մկրտչյան Հայկ

Ներսիսյան Արամ

Տեր-Ստեփանյան Մարիա

(Սովորողների հրապարակած նյութերը ենթակա են խմբագրման)