Posted in Նախագծեր

Վահագն Դավթյան 100

  • Վահագն Դավթյանի պոեզիայի ընթերցումներ՝ հոբելյանական տարվան ընդառաջ

Աշխատանքային ուղղությունները

  • Ծանոթություն Վահագն Դավթյան գրողին,
  • Պոեզիայի ընթերցում, քննարկում, վերլուծում,
  • Ձայնանյութերի, տեսանյութերի պատրաստում
  • Արդյունքում․«Քարե քնքշանք, Երկիր, գաղտնարան․․․» ուրբաթ-համերգ-ընթերցում Մարմարյա սրահում

Քարե քնքշանք, Երկիր գաղտնարան․․․
Վահագն Դավթյան 100

Ծաղկաքաղը՝ Նառա Նիկողոսյանի

Դու փոքրիկ ես, իմ աշխարհ, 
Հայաստան իմ, Հայաստան, 
Մի բուռ հող ես, մի բուռ քար, 
Հայաստան իմ, Հայաստան… 
Բայց քո մի բուռ այդ հողում 
Ու քո մի բուռ քարի մեջ 
Քանի բարձունք ու կատար, 
Հայաստան իմ, Հայաստան…

***

Հայաստա՛ ն, իմ հող, իմ մամուռ, իմ սեզ, 
Ծերպերից կախված իմ կապույտ թախիծ, 
Քարերից քամվող արտասուք իմ հեզ, 
Քարերում նիրհող կրակե ծաղիկ…

Ախ, իմը սեր չէ, որ խոստովանեմ,
Իմը թախիծ է, մորմոք է արյան, 
Քարերից քամվող արցունք է անեղծ, 
Քարերում նիրհող հուր է սրբազան:

***

Ես ի՞նչ կանեի, եթե չլիներ հողն այս մի պատառ, 
Թե ճամփիս վրա չխշշար բարդին այս բարձրակատար, 
Թե չշնչեի բուրմունքն այս հողի, ուրցի, փշատի,
Թե աշնան քամին թոնրի հոտն առած, դեմս չվազեր,
Ես ի՞նչ կանեի․․․

***

Քարե մրրիկն է այստեղ ննջում թևերը ծալած,
Անգամ գետակն այս կապույտ ասես թե քար է հալածած…
Այն եղնիկնե՞ր են արդյոք, թե՞ լեռնային քարայծեր,
Որ նետահար են եղել ու քարափին քարացել,
Թե՞ արծիվներ, որ մի օր բարձունքներին այս չոքել,
Ապա անզոր են եղել ժայռից թևերը պոկել
Ու քարացել են այստեղ, բարձունքներում այս սիրած,
Մագիլները հավիտյան քարաքոսի մեջ խրած…

Քար է ու լույս,
Լույս է ու քար…
Խելակորույս
Ու խելագար՝
Քարը ելնում,
Երկինք սուրում,
Բիրտ շուրթերով
Լույսն համբուրում,
Փշրվում է
Վիհերն ի վար…
Քար է ու լույս,
Լույս է ու քար…

***

Լեռ ու անդունդ, ձոր ու կատար, 
Ապառաժներ պատառ-պատառ, 
Քարե թռիչք, քարե անկում… 
Հայոց երկիր, հայոց իմ հող, 
Դու իմ քարե մոլուցք ու ոխ,
Իմ քնքշություն, իմ քնքշություն։

Որտեղի՞ց եկավ նա այսքան անեղծ, 
Այսքան ոգեղեն, այսքան անմեկին…
Եվ ինչ հրաշքով խաչքարից հանեց 
Նրա մեջ նիրհող մաքուր մեղեդին։

***

Երկի՛ր, հրաշքի ցոլքերով լեցուն քարանձավ իմ մութ
Երկի՛ր, գաղտնարան, որ մինչև հիմա դեռ փակ է իմ դեմ,
Երկի՛ր , առեղծված, դեռ պիտի իջնեմ վիհերը ոգուդ, 
Այնտեղից՝ ոսկե աստղերդ դիտեմ…