Posted in Ընթերցարան

Անտառում։ Համո Սահյան

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Բացատրի՛ր տրված փոխաբերությունները/ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունները/:

ա)Անտառում ամպի ծվեններ կային:

բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն:

գ)Օրոր էր ասում աշունն անտառին:

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:

  1. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
  2. Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը:Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր:
  3. Նկարի՛ր բանաստեղծությունը:
  4. Գրավոր նկարագրի՛ր քո տեսած անտառը/ սարը, դաշտը, այգին և այլն/:

Leave a comment